«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Արդարությունն ավար է, որը միշտ բաժին է ընկնում հաղթողին

Արդարությունն ավար է, որը միշտ բաժին է ընկնում հաղթողին
28.04.2025 | 10:00

Լսե՛ք, ախր, եթե դահիճները ծնվում են, ուրեմն՝ դա ինչ-որ մեկին պետք ա, ուրեմն՝ ինչ-որ մեկն ուզում ա, որ նրանք ծնվեն, ուրեմն՝ ինչ-որ մեկը կախարդական փայտիկ ա կոչում նրանց արյունոտ կացինը...

Արյունահոս Մայակովսկի...

Մեր պատմությունը ճիշտ կլինի անատոմիայի դասերին ուսումնասիրել՝ ամբողջովին վերքերով ու խոցերով պատված, արյունահոս, կոտրված ողնաշարով, խոցված սրտով մեր պատմությունը։ Մենք ասես ծեծված, խոշտանգված մի ճգնավոր լինենք, որ ուրվականի նման շրջում ա խրախճանքի սեղանին նստած հարսանքավորների մեջքների հետևում ու վիզը ծռած արդարություն մուրում՝ բարի՛ մարդիկ, ես ձեր նախապապն եմ, ձեզ կրծքով եմ կերակրել, ձեր տակաշրրերը փոխել եմ երեխա ժամանակ։ Ինձ ծեծել են, մի կտոր արդարություն տվեք ինձ ձեր ճոխ սեղանից։ Բայց սեղանին արդարություն չկա, հաց կա, խորոված կա, գինի կա, իսկ արդարություն չկա. մեզ մի կտոր հաց են նետում ու հեռու քշում, որ մեր տեսքից իրենց ախորժակը չփակվի։

Մենք՝ մեր վիշտը գրկած, մեր ողբի մեջ ամբողջովին տարրալուծված, մեր ցավը ճակատագիր դարձրած, վայելելով զոհի կեցվածքը, արդարություն ենք փնտրում հարսանիքի սեղանին։ Մենք էնքան ենք մտել մեր զոհի կերպարի մեջ, որ այն արդեն գենետիկական մակարդակով սկսել ա վերարտադրվել։ Հայն օտարության մեջ անգամ իր լեզուն կարող ա մոռանալ, բայց նահատակված ազգի դժբախտ կերպարից դուրս չի գալիս։

Իսկ եթե մենք մեզ նահատակների ազգ ենք համարում, եթե ամեն նոր սերնդի մեջ, դեռ չծնված, արդեն զոհ ենք տեսնում, մի տեղ էլ պիտի դահիճներ, չէ՞, ծնվեն, որ պատկերն ամբողջանա։ Ու մինչ մենք արդարություն ենք մուրում, մինչ գլխակորույս Ծիծեռնակաբերդ ենք բարձրանում ապրիլի քսանչորսին, գալիս ա ապրիլի քառասունութը, որովհետև մշտահառաչ ազգի նոր զոհերի սերունդը ստիպել ա, որ նոր դահիճներ ծնվեն տիեզերական ներդաշնակության կշեռքի մյուս նժարին, որովհետև մեր գարունը ողբով բացվում, սգով փակվում ա։ Երևի դրա համար մեզ մոտ նորմալ գարուն չի անում. մեր գարունները լերդացած արյան թելերի վրա շարած արցունքե ուլունքի են նման, մեր վարդերի փշերից արուն ա կաթում, մեր ծառերը տնքոցով են բողբոջում... գարունն ամաչում ա մեզնից։

Արդարությունը չեն մուրում, արդարությունը նվաճում են։ Մեզ խաբել են, արդարությունը թույլի պաշտպանը չի, այլ ուժեղի զենքն ա։ Արդարությունն ավար ա, որը միշտ բաժին ա ընկնում հաղթողին։ Դրա համար՝ արդարության հասնելու միակ ճանապարհը հաղթելն ա։ Մեր ցավը ոչ ոք չի հասկանա։ Մենք էլ չենք հասկանում ուրիշի ցավը, աշխարհի դրվածքն ա դա, ի՜նչ անես։ Բայց ցավը փորձություն ա, ոչ թե լացելու առիթ։ Ցավը դաս ա։

Եթե մեր ցավը մեզ համար դաս չի լինում, մեզ էնքան չի հզորացնում, որ սեփական ուժերով ստանանք մեր ուզածը, ուրեմն՝ կա՛մ մենք ինքներս էլ չենք զգում, չենք գիտակցում էդ ցավը, կա՛մ էլ դա արդեն հոգեվարք ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3129

Մեկնաբանություններ